ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԿարևորելով բաց հասարակության կառուցման գործում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման դերը՝ "Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը հռչակում է հետևյալ սկզբունքները՝
• զարգացող գլոբալ տեղեկատվական հասարակության պայմաններում հեռահաղորդակցության ծառայությունները տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու (խոսքի ազատության իրավունք) մարդու հիմնական իրավունքի իրականացման կարևոր մեխանիզմ են,
• պետության կողմից հեռահաղորդակցության և տեղեկատվության ոլորտներում վարվող քաղաքականությունը մեծ նշանակություն ունի տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նվաճումները բնակչությանը հասանելի ու մատչելի դարձնելու և հետևաբար, տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը իրագործելու տեսակետից,
• տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նորմերը չպետք է վնասեն ոլորտի զարգացմանը, չպետք է սահմանափակեն մարդու և քաղաքացու իրավունքները և պետք է իրենցից ներկայացնեն իրավական նորմերի հավասարակշռված համակարգ, որտեղ հաշվի կառնվեն անձի, հասարակության և պետության շահերը,
• տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների շուկայի զարգացման երաշխիքներն են կարգավորման և ինքնակարգավորման մեխանիզմների համատեղելիությունը, շուկայի ազատականացումը և օրինականության հաստատումը, ինչպես նաև՝ տվյալ ոլորտում գործող սուբյեկտների համար հարկային արտոնությունների սահմանումը։
"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում այս սկզբունքների իրականացմանը հասնելու համար նախատեսում է՝
• նպաստել հասարակության լայն շերտերում համակարգչային գրագիտության բարձրացմանը և աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում,
• աջակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական պաշարների ձևավորմանը և հետագա զարգացմանը, ինչպես նաև՝ բնակչության լայն զանգվածների կողմից դրանց օգտագործմանը՝ այդ մարմինների գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու նպատակով,
• ամրագրել հեռահաղորդակցության ծառայությունների նվազագույն ծավալը ստանալու իրավունքը՝ քաղաքացիների՝ տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու հիմնական և սահմանադրական իրավունքի լիարժեք իրագործման համար և մշակել գլոբալ համակարգչային ցանցից օգտվելու ծառայությունները Հայաստանի ամբողջ տարածքում մատչելի դարձնելու օրենսդրական մեխանիզմներ,
• ապահովել անձի պաշտպանվածությունն աճող տեղեկատվական պաշարների և հոսքերի պայմաններում, այդ թվում՝ անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների պաշտպանվածությունը՝ սահմանափակելով անհատական տվյալների հավաքագրման, պահպանման և օգտագործման կարգը՝ միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխան,
• աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները կարգավորող օրենսդրության ձևավորմանը՝ հաշվի առնելով միջազգային իրավական նորմերը, ինչպիսիք են՝ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, Ինտերնետ ցանցում հաղորդագրության ազատության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հռչակագիրը, տեղեկատվական իրավահարաբերություններին վերաբերող այլ միջազգային և եվրոպական նորմերը: |